Հետքը տեղեկացնում է՝ Սյունիքի մարզի Ողջի գետն երեկ առավոտվանից մոխրագույն է: Պատճառը «Զանգեզուրի պղնձմոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատարի՝ Ներքին Գիրաթաղ բնակավայրի հատվածում տեղի ունեցած վթարն է, ինչի հետևանքով պոչանքները լցվել են Ողջի գետ:
Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը պարզաբանում է, որ գետ են լցվել են հենց պոչերը, որոնց մեջ պարունակվում են թունավոր նյութեր, ծանր մետաղներ և ռեագենտներ: Վերջինիս խոսքով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պետք է հաշվարկի շրջակա միջավայր լցված պոչանքի ծավալը, հասցված վնասի գնահատում պետք է իրականացվի, ինչի արդյունքում էլ, կախված կոնկրետ օրենսդրական նորմերի խախտման փաստից, որոշվի՝ վարչական վարո՞ւյթ, թե՞ քրեական գործ կհարուցվի:
Բնապահպանը նշել է, որ վթարի պատճառը չգիտի, և որ ցանկացած արտադրության դեպքում էլ վթարներ լինում են, ուղղակի ընկերությունը պետք է անի ամեն բան, որպեսզի շրջակա միջավայրին նման վտանգներ չհասցնի:
